ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Սկսած 1992 թվականից

«Հայկական ակնաբուժության նախագիծ» (ՀԱՆ) բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ԱՄՆ-ում 1992 թվականին ամերիկահայ ակնաբույժ դոկտոր Ռոջեր Օհանեսյանի կողմից։ Հետագայում՝ 2002 թվականին, Երևանում հիմնադրվել է ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակը։

ՀԱՆ-ի առաքելությունն է Հայաստանում վերացնել կանխարգելվող կուրությունը, ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնել բոլորին և նպաստել առողջապահական համակարգի բարելավմանը։ Ծրագրի շրջանակում բազմաթիվ հայտնի ակնաբույժներ աշխարհի տարբեր երկրներից այցելել են Հայաստան՝ բուժելու պացիենտներին և իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելու հայ գործընկերներին։

Ավելի քան երեք տասնամյակների ընթացքում Հայաստանին են նվիրաբերվել մեծ քանակությամբ ժամանակակից բժշկական սարքավորումներ և պարագաներ։ ՀԱՆ-ի ներդրումը Հայաստանում ակնաբուժության զարգացման և ակնաբուժական ծառայությունների բարելավման գործում անգնահատելի է։

ԼՈՒՅՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՉՔԵՐԻՆ

Սկսած 2003 թվականից

ՀԱՆ-ի գործունեության խորհրդանիշը հանդիսացող Աչքի շարժական հիվանդանոցը (ԱՇՀ) ձեռք է բերվել բազմաթիվ բարերարների աջակցությամբ և Հայաստան է բերվել 2002 թվականին՝ տեսողությունը պահպանող ակնաբուժական ծառայություններ մատուցելու նպատակով։

ԱՇՀ֊ն հագեցած է ժամանակակից վիրահատարանով և երկու զննման սենյակներով։ 2003 թվականից ԱՇՀ-ը շրջում է Հայաստանի ողջ տարածքով եւ Արցախով՝ «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում մատուցելով տեսողությունը պահպանող ակնաբուժական ծառայություններ։ Ավելի քան 20 տարի շարունակ ԱՇՀ֊ն իրականացնում է ակնային խորացված հետազոտություններ, լազերային բուժում և վիրահատություններ՝ հասանելի դարձնելով ակնաբուժական ծառայությունները մարզերի հազարավոր բնակիչների համար։

«Լույս հայի աչքերին» ծրագիրը ներառում է նաև բժշկական կրթություն և վերապատրաստում, հանրային կրթություն, վիճակագրական տվյալների հավաքագրում, հետազոտություններ և կարողությունների զարգացում։

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ՍԿՐԻՆԻՆԳ

Սկսած 2004 թվականից

2004 թվականից «Հայկական ակնաբուժության նախագիծը» Հայաստանի մարզերում իրականացնում է երեխաների տեսողության սքրինինգային ծրագրեր՝ համադրելով տեսողության ստուգումները հանրային կրթական միջոցառումների հետ, որոնք ուղղված են աչքի ճիշտ խնամքի խթանմանը և մանկական կուրության կանխարգելմանը։

Սքրինինգներին զուգահեռ երեխաները, ծնողները և մանկավարժները ստանում են կրթական նյութեր և մասնակցում իրազեկման միջոցառումների՝ նպաստելով ակնային հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու ժամանակին բուժմանը։

Վերջին տարիներին ծրագիրն իրականացվում է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ համագործակցությամբ՝ հնարավորություն տալով ընդլայնել մանկական ակնաբուժական համալիր մոդելը, որը ներառում է դպրոցներում և մանկապարտեզներում սքրինինգներ, ուղեգրման համակարգեր, բուժման հնարավորություններ և բուժանձնակազմի վերապատրաստում։

Ծրագրի նպատակն է տեսողության խնդիր ունեցող երեխաներին ապահովել հետագա ակնային զննման և բուժման հնարավորությամբ, անհրաժեշտության դեպքում տրամադրել ակնոցներ։ Բոլոր արդյունքները մուտքագրվում են էլեկտրոնային տվյալների բազա՝ ապահովելով արդյունավետ վերլուծություն, հետագա հսկողություն և խնամքի շարունակականություն։

Տարիների ընթացքում ծրագիրը հասել է Հայաստանի հարյուր հազարավոր երեխաների՝ դպրոցներում և մանկապարտեզներում իրականացվող սքրինինգների, մասնագիտացված ուղեգրումների, բուժման ծառայությունների և լայնածավալ հանրային կրթական արշավների միջոցով։ Երկրի ողջ տարածքում տարածվել են նաև կրթական գրքեր, խաղեր և տեղեկատվական նյութեր՝ բարձրացնելով երեխաների ակնային առողջության վերաբերյալ իրազեկվածությունը ընտանիքների և համայնքների շրջանում։

ԱՆՀԱՍՈՒԹՅԱՆ ՌԵՏԻՆՈՊԱԹԻԱ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ
ԿՈՒՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ
ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Սկսած 2010 թվականից

Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը ստեղծվել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ գործակցությամբ։ Ծրագրի նպատակն է ապահովել մասնագիտացված ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի և տարածաշրջանի բոլոր երեխաների համար՝ կանխելով վաղաժամ ծնված հազարավոր երեխաների կուրությունը, որոնք ունեն անհասության ռետինոպաթիա (ԱՌ)։

Ծրագիրը Հայաստանում ԱՌ-ի հայտնաբերմանն ու բուժմանն ուղղված ազգային ծրագրի տրամաբանական շարունակությունն է։

Վերջին տարիներին տարածաշրջանի տարբեր երկրներից երեխաներ բուժում են ստացել այս կենտրոնում։ Ծրագրի արդյունքում ներկայումս Հայաստանում ԱՌ-ի հետևանքով մանկական կուրության դեպքեր չեն արձանագրվում։ Ավելին, ծրագրի մեծ հաջողության շնորհիվ այն դարձել է երկրի պետական առողջապահական համակարգի անբաժանելի մասը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

Սկսած 2015 թվականից

Ծրագրի շրջանակում ՀԱՆ-ը Հայաստանի հինգ մարզերում հիմնել է մարզային ակնաբուժական կենտրոններ։ Կենտրոնները հագեցած են ժամանակակից սարքավորումներով և գործում են որպես երկրորդային մակարդակի ակնաբուժական հաստատություններ՝ տրամադրելով համապարփակ ակնաբուժական ծառայություններ՝ ներառյալ ախտորոշում, բուժում և վիրահատություններ։ Կենտրոնները մարզերի խոցելի բնակչությանը տրամադրում են անվճար ակնաբուժական ծառայություններ, ինչպես նաև վճարովի ծառայություններ այն պացիենտներին, որոնք ընդգրկված չեն պետական առողջապահական ծրագրերում՝ նպաստելով յուրաքանչյուր հաստատության ինքնաբավությանն ու ֆինանսական անկախությանը։ Ծրագրի շրջանակում տեղի բժիշկներին և բուժքույրերին տրամադրվում է շարունակական մասնագիտական կրթություն և վերապատրաստում՝ ապահովելու բարձրորակ ակնաբուժական ծառայությունների մատուցումը։

Մարզային ակնաբուժական կենտրոններ
• Իջևան, Տավուշ2015
• Սպիտակ, Լոռի2016
• Կապան, Սյունիք2017
• Գյումրի, Շիրակ2018
• Եղեգնաձոր, Վայոց ձոր2020

Հայաստանի յուրաքանչյուր բնակչի համար ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնելու առաքելության շրջանակում Հայաստանի մյուս մարզերում հիմնվում են մարզային դիագնոստիկ ակնաբուժական կլինիկաներ և պոլիկլինիկական ակնաբուժական ծառայություններ՝ ձևավորելով մարզային միասնական ակնաբուժական ցանց։

Այս կայուն ենթակառուցվածքային զարգացման մոդելի միջոցով ՀԱՆ-ը նպատակ ունի նվազեցնել կանխարգելվող կուրությունը և ամրապնդել Հայաստանի ակնաբուժական առողջապահական համակարգը ապագա սերունդների համար։

Դիագնոստիկ ակնաբուժական կլինիկաներ
• Արմավիր, Արմավիր2022
• Թալին, Արագածոտն2022
• Մարտունի, Գեղարքունիք2023
• Գորիս, Սյունիք2025
• Գորիս, Սյունիք2025

Պոլիկլինիկական ծառայություններ
• Չարենցավան, Կոտայք2024
• Մեղրի, Սյունիք2025
• Սիսիան, Սյունիք2025

ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏ ԵՎ ԱԿՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

Սկսած 2017 թվականից

ՀԱՆ-ի Դիաբետիկ ռետինոպաթիայի կանխարգելման առաջին ծրագիրը, որն իրականացվել է Շաքարային դիաբետի համաշխարհային հիմնադրամի և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ 2017-2020 թվականներին, հիմք հանդիսացավ 2020 թվականին մեկնարկած «Դիաբետի հետևանքով կուրության կանխարգելման ազգային ռազմավարություն» ծրագրի իրականացման համար։

Շաքարային դիաբետ ունեցող պացիենտների ախտորոշումն իրականացվում է արհեստական բանականության և ամպային տեխնոլոգիաների կիրառմամբ, իսկ բուժումը կատարվում է ԱՇՀ-ում և Երևանի առաջատար ակնաբուժական կլինիկաներում։

Շարունակական վերապատրաստումներ են իրականացվում բուժանձնակազմի, ինչպես նաև նախադիաբետ և շաքարային դիաբետ ունեցող պացիենտների համար։ ՀՀ կառավարությունը, ՀԱՆ-ի հետ համագործակցությամբ, ընդունել է դիաբետի կանխարգելման ռազմավարությունը և դիաբետ ունեցող պացիենտների խնամքի շարունակականության մոդելը։

Շարունակական վերապատրաստումներ են իրականացվում բուժանձնակազմի, ինչպես նաև նախադիաբետ և շաքարային դիաբետ ունեցող պացիենտների համար։ ՀՀ կառավարությունը, ՀԱՆ-ի հետ համագործակցությամբ, ընդունել է դիաբետի կանխարգելման ռազմավարությունը և դիաբետ ունեցող պացիենտների խնամքի շարունակականության մոդելը։

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ՀԱՆ-ը նախաձեռնում և իրականացնում է տարբեր ծրագրեր՝ միջազգային բժշկական փորձն ու գիտելիքները Հայաստանի առողջապահության ոլորտի մասնագետներին փոխանցելու նպատակով։ Ավելի քան 30 տարի ՀԱՆ-ը կազմակերպում է կարճաժամկետ և երկարաժամկետ կրթաթոշակային ծրագրեր հայ ակնաբույժների համար ԱՄՆ-ի առաջատար կլինիկաներում։

ՀԱՆ-ի ջանքերով պարբերաբար հրատարակվում են մասնագիտական գրքեր և հրապարակումներ, ներդրվում են ուսուցման նոր մեթոդաբանություններ՝ առցանց կրթական դասընթացներ, WetLab դասընթացներ, առցանց գրադարաններ և կրթական հարթակներ։

ՀԱՆ-ը նաև նպաստում է Հայաստանի և արտերկրի առաջատար հիվանդանոցների և համալսարանների միջև մասնագիտական կապերի ամրապնդմանը։

Ակնաբուժության և այլ բժշկական մասնագիտությունների տարեկան միջազգային համաժողովները դարձել են ավանդույթ՝ կարևոր դեր ունենալով կրթության զարգացման և փորձի փոխանակման գործում։

ՀԱՆՐԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

ՀԱՆ-ը կազմակերպում է տարբեր հանրային կրթական միջոցառումներ՝ ուղղված ակնային առողջության, ընդհանուր առողջության և առողջ ապրելակերպի խթանմանը ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների շրջանում։ Հանրային կրթական դասերի, հանդիպումների և ինտերակտիվ առցանց միջոցառումների ընթացքում ներկայացվում են հրապարակումներ, կարճ տեսանյութեր և սոցիալական գովազդներ։

Մեծահասակների համար նախատեսված դասընթացները նպատակ ունեն իրազեկել ակնային հիվանդությունների և դրանց կանխարգելման մասին, իսկ երեխաների համար նախատեսված ծրագրերը կենտրոնանում են մանկական ակնաբուժական խնդիրների, վնասվածքների և առողջ ապրելակերպի թեմաների վրա։

Տեսողության համաշխարհային օրվան նվիրված ՀԱՆ-ի ամենամյա միջոցառումները նույնպես դարձել են ավանդույթ՝ հնարավորություն տալով ընդգծել աչքի առողջության կարևորությունը բնակչության լայն շերտերի շրջանում։